ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչադուրյանը Մարսելից վազքով հասել է Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածությունը: Վազքը մեկնարկել է 2018 թվականի ապրիլի սկզբին: Օրական վազելով 50 կմ` Արա Խաչադուրյանը հուլիսի 18-ին հասել է Գյումրի:
«Ուզեցի վազել հանուն խաղաղության, կոչ անել, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի»,- Sputnik Արմենիային ասաց լեռնագնացը, որը 2016թ-ին նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը։
Նա պատմեց, որ Էվերեստի գագաթին որոշել է նամակ գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
«Բարձրության վրա ՝ Աստծուն մոտիկ, Աստվածաշունչը` ձեռքումս, որոշեցի նամակ գրել: Առաջին անգամ էր իմ կյանքում, մինչ այդ երբեք նամակ չէի գրել, որոշեցի գրել ու փոխանցել Էրդողանին»,-պատմեց լեռնագնացը:
Նամակը գրելուց հետո Արան եղել է Թուրքիայում, բայց այնտեղ նախագահական ընտրությունները դեռ չէին կայացել, և չիմանալով, թե ով է լինելու երկրի նախագահը` Արան այդ նամակն այդպես էլ Թուրքիայի նախագահին չի հանձնել:
«Բայց հանձնելու եմ հաջորդ անգամ, երբ գնամ Թուրքիա: Եթե անհրաժեշտություն լինի, 5 կամ 10 տարի էլ կփորձեմ: Նամակում ասում եմ, որ ցեղասպանության մեղավորները նրանք են, ովքեր ոճրագործության կատարման հրամանը տվեցին, ինքը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ արել են նախկինում: Պատասխանատուն հրաման տվող գեներալներն են, բայց պետք է ճանաչել ցեղասպանությունը»,-ասում է լեռնագնացը:
Խոսելով Արարատի մասին` նա չի թաքցնում հուզմունքը:
«Երբ Արարատից ես դիտում Հայաստանը, բոլորովին այլ զգացողությունն է»,- ասում է Արան։
Հարցին, թե ինչ ցանկություն կուզեր իրագործել Հայաստանում, հակիրճ պատասխանում է. «Շատ կուզեի հանդիպել Նիկոլ Փաշինյանին»:
Լեռնագնացը ծնվել է Լիբանանում: 9 տարեկան է եղել, երբ ընտանիքը պատերազմի պատճառով մեկնել է Ֆրանսիա: Մասնագիտությամբ ոսկերիչ Արան պատրաստվում է լողալով կտրել-անցնել Միջերկրական ծովը՝ Ֆրանսիայից Լիբանան, կամ աշխարհի շուրջը պտտվել հեծանիվով: