Կրկին Նարեկ Սարգսյանը. նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը

ՀՀ երրորդ նախագահի եղբորորդու գործում նոր դրվագներ են ավելանում` քաղաքացու տված հաղորդման և բացատրության հիման վրա
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik.  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ  2017թ. օգոստոսի կեսերին, Նարեկ Սարգսյանի անվտանգության պետ Արտեմ Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից  բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն։ Քաղաքացու պնդմամբ` իրեն տեղափոխել են Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ծեծել են:

Սերժ Սարգսյանի եղբորորդու թիկնապահը ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել

Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է եղել նաև Նարեկ Սարգսյանը, որն ատրճանակով սպառնացել է իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3  ժամ ապօրինի պահել են։

Այնտեղ Նարեկ Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծել է քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով, բարձրախոսովի ռեժիմում «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է  այդ ակումբում գործունեություն ծավալելուց:

Քաղաքացուն ազատ են արձակել միայն Նարեկ Սարգսյանի պահանջը կատարելուց հետո:

Նկատի ունենալով, որ  վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ  պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ քրեականգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ։

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը: