Նոր բացահայտումներ. վերականգնվել է ավելի քան 43 միլիոն դրամ

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik.  Պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում ֆինանսական խախտումներ են ի հայտ եկել։

Բուլկու արտադրամաս` համալսարանի շենքում. ՊԵԿ-ի նոր բացահայտումը

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Իրավապահ կառույցի ներքին աուդիտի վարչության կողմից ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամից ավելի գումարներ է վճարվել, որոնք յուրացվել են։

Դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։

Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս, Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն նախատեսվածից ավելի վճարել է 4.522.448 դրամ. այս գումարը վերականգնվել է ամբողջությամբ։

Պետությունից թաքցված հարկերն ավելացել են ևս 600 մլն–ով. ՊԵԿ–ը նոր բացահայտում է արել

Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016 թվականի և 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։

Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է 43.396.986 դրամ։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։