Հայաստանում զորակոչիկը չպետք է վճարի բուժօգնության համար. Թորոսյան

Բարոյական տեսանկյունից չի կարելի նման բան պահանջել, կարծում է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար ոչ ամբողջությամբ, ոչ նույնիսկ մասամբ։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Կենտրոնական հավաքակայանում։

Նախարարությունը փորձ կանցկացնի զորակոչիկների բուժհանձնաժողովի հետ. Թորոսյան

Առաջին անգամ չէ, որ զորակոչիկների մոտ այնպիսի առողջական խնդիրներ են հայտնաբերվում, որոնք կարելի էր հաղթահարել, եթե ժամանակին սկսեին բուժումը կամ վիրահատություն անեին։ Բայց ոչ բոլորն են կարող և ուզում վճարել դրա համար։

Նախարարը վստահ է, որ ավելի ճիշտ է նման օգնություն ցուցաբերել զորակոչից առաջ` 16-18 տարեկանում։

«Քթի միջնապատն ուղղելը կամ ատամները բուժելն ավելի լավ է անել զորակոչից առաջ, որպեսզի հետո զինվորին չտանեն հոսպիտալ», — ասաց նախարարը` միաժամանակ ավելացնելով, որ բարոյական տեսանկյունից սխալ է պահանջել, որ դրա համար վճարեն զինվորների ընտանիքները։

Ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններին նախկինի նման կհետևեն նաև զորակոչից հետո զորամասերում։ Նախարարն ավելացրեց, որ նման հիվանդություններ բացահայտելու դեպքում զինվորն անհապաղ կզորացրվի։

Նա նշեց նաև, որ զորակոչիկների բուժսպասարկման ոլորտում կոռուպցիոն ռիսկեր կան, բայց բժիշկները պետք է իմանան, որ նման խախտումների համար նրանք կպատժվեն։