«Նորֆոլկ Քոնսալթինգը» պետության փողերի մի մասն արդեն հետ է տվել

Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն բյուջե է վերադարձրել պարտքի մի մասը։ ՊԵԿ–ը տեղեկացնում է, որ ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է  721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը:

Նախկին մոնոպոլիստ–բրոկերը 7 միլիոն դոլար կվերադարձնի ՀՀ բյուջե ու կփակվի

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ հայտնվում է, որ ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է:

Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են, քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:Հուլիսի 13–ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն ասել էր, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը կմարի իր պարտքը Հայաստանի բյուջեին ու կփակվի։Նախարարը նաև տեղեկացրել էր, որ 7 մլն. դոլարից հինգը ընկերությունը կվճարի մինչև հուլիսի 20-ը, իսկ մինչև օգոստոսի վերջ ընդհանրապես կփակվի։