Կաթողիկոսը կարգալույծ արեց Կորյուն աբեղա Առաքելյանին

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մասնակիցը դասվեց աշխարհականների շարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Աջապահյանը մանրամասներ է պատմում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների մասին

Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6-ին խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն շուրջ 2 ամիս բողոքի ակցիաների միջոցով պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։

Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։