Դաշնակցականը Նիկոլ Փաշինյանի ու Արամ Մանուկյանի միջև նմանություն է գտել

Չնայած քննադատությանը` Դաշնակցության «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարևորում է Երևանում Արամ Մանուկյանի արձանի բացումն ու կարծում, որ դրանով չպետք է սահմանափակվենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը Արամ Մանուկյան նման չի ցանկանում հիասթափեցնել հայ հասարակությանը։ Այս մասին այսօր պետական ու ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց Դաշնակցության «Հայ դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը. լուսանկարներ

Նա զուգահեռներ անցկացրեց ներկայի հետհեղափոխական ու Արամ Մանուկյանի կառավարման շրջանի հետ։ Մանոյանը վստահ է, որ արձանի բացումը հենց հիմա խորհրդանշական է, ու իր մեջ ուղերձ է կրում ապագա սերունդներին։ Դաշնակցականը հայտնեց Արամի փողոցը Արամ Մանուկյանի փողոց վերանվանելու, բարձրաստիճան պաշտոնյաների հուշարձաններով ծառուղի ստեղծելու մտադրության մասին։

«Մենք մտադիր են նաև վերականգնել Արամ Մանուկյանի տունը, ավելի ճիշտ այն, ինչ դրանցի մնացել է», – տեղեկացրեց Մանոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Արամ Մանուկյանն անվանի գործիչ էր, նա ծնվել էր որոշակի առաքելություն կատարելու համար` գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է:

«Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի կողքով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան և Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է և հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան», – ընդգծեց վարչապետը։

Արամ Մանուկյանի արձանի բացման և Նիկոլ Փաշինյանի երևանյան զբոսանքի ամենավառ կադրերը

Մակետի փուլում արձանը խիստ քննադատության էր արժանացել, արձանի էսքիզի նկարները միանգամից հրապարակվել էին Facebook–ում։

Երևանի Ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ արձանը ներկայանալի չէ ու խղճահարություն է առաջացնում։

Ներկայացված տարբերակը չէր հավանել նաև մրցութային հանձնաժողովի անդամ Անուշ Տեր–Մինասյանը։ Փորձագետը հայտնել էր, որ մրցույթը խախտումներով է անցել, և այս տարբերակը հաստատվել է կանոնների խախտմամբ։

Հուշարձանը տեղադրվել էր հունիսի 28–ին։ Քաղաքաշինության պետական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տեղադրումը պետք է հետաձգել։

Կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանը գտնում է, որ տեղադրման վայրի հետ կապված պետք է հանրային քննարկումներ անցկացվեն, սակայն քաղաքապետարանում նշել էին, որ հայտարարությունը ուշացել է, քանի որ հիմնական աշխատանքներն արդեն արվել են, իսկ բրոնզե արձանը տեղադրվել է։