Հայտնի է «Բուրգեր քինգի» պայթյունի մեղավորը. նոր մանրամասներ

Քննչական կոմիտեն բացահայտել է, թե ինչն է եղել ապրիլի 2-ին «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը և ով է դրա համար մեղավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Հուլիս — Sputnik. 2018–ի ապրիլի 2-ին Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի, մասնավորապես` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Բուրգեր Քինգը» միակը չէ. սննդի կետերում տեղադրված բալոնները փորձաքննության չեն ենթարկվում

Պայթյունի պատճառները պարզելու համար նախաքննության ընթացքում իրականացված պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ածխաթթվածնային գլանանոթը սննդի կետում տեղադրված է եղել խախտումով` դժվարամատչելի տեղում, ինչն էլ նպաստել է դրանում ջերմաստիճանի բարձրացմանն ու պայթյունի առաջացմանը։

Քննությամբ պարզվել է նաև, որ գլանանոթը գործարանային արտադրության է՝ արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում ՝ 2012 թվականին, և համապատասխանել է միջպետական ստանդարտի պահանջներին, հետևապես՝ պիտանի է եղել նպատակային օգտագործման համար:

«Բուրգեր քինգ» արագ սննդի կետին ըմպելիքների մատակարարման ծառայություններ մատուցել է «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ–ն, որն էլ առաքել է նշված գլանանոթը։

«Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետի աշխատանքային պարտականությունն է եղել «Բուրգեր Քինգի» համապատասխան աշխատակցին անվտանգության կանոնների ուսուցանումը, ինչը չի արվել։

Արդյունքում, գլանանոթը սննդի կետում տեղադրվել է խախտումներով, մասնավորապես` այն տեղադրվել է պառկեցված վիճակում, առանց ամրացնելու, վատ օդափոխվող տեղում և տաքացող խողովակաշարի մոտ, որի հետևանքով էլ տեղի է ունեցել գլանանոթում ջերմաստիճանն ավելացել է ճնշումը բարձրացել ու պայթյուն առաջացրել։

Հիշեցնենք` Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյունը տեղի էր ունեցել 2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան, որի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել 9 քաղաքացի: