ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ քաղաքացին ՌԴ Կոլիմայի երկրամասի Սուսումանի շրջանում հողը մշակելու ժամանակ ոսկի պարունակող հանքանյութ է գտել։ Սուսումանի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 1-ին մասով (խոշոր չափի ապօրինի թանկարժեք մետաղների պահպանում)։ Այս մասին հայտնում է Մագադանի մարզային դատախազությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանքանյութի մշակման ընթացքում նա մեկ կիլոգրամ ընդհանուր քաշով ոսկի ու արծաթ է ստացել։ Թանկարժեք մետաղների գինը մոտ 2,5 մլն ռուբլի է կազմել։
Հաշվի առնելով պետական մեղադրողի դիրքորոշումը` դատապարտյալին 2 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել` 2 տարվա փորձնական ժամկետով։ Աղբյուրը նշում է, որ դատարանի որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել։