ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների բաց մասն ավարտվել է ձեռքսեղմումով, որի նախաձեռնողը եղել է Թրամփը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփն ուշացումով է եկել ռուս առաջնորդի հետ բանակցություններին։ Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահը հանդիպման վայր` Հելսինկիի կենտրոնում գտնվող նախագահական պալատ է ժամանել Պուտինից 20 րոպե ուշ։ Պետությունների ղեկավարներին դիմավորել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
Ռուսաստանի նախագահը Թրամփի հետ հանդիպման սկզբում հայտարարել է, որ հարաբերությունների մասին հանգամանորեն զրուցելու ժամանակն է։ Պուտինը նշել է, որ կողմերը շարունակվում են մշտական շփումները։
«Մենք նաև հեռախոսով ենք զրուցել և մի քանի անգամ հանդիպել միջազգային տարբեր միջոցառումների հարթակներում։ Դե, իհարկե, եկել է ժամանակը հանգամանորեն խոսելու մեր հարաբերությունների և աշխարհում տարբեր «ցավոտ կետերի» մասին», — ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ դրանք բավական շատ են։
«Մեր երկու երկրները հսկայական հնարավորություն ունեն մեր փոխհարաբերությունները կարգավորելու համար», — բանակցություններից առաջ ասել է Թրամփը։
Հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում ռուս առաջնորդի հետ առանձնազրույցին։
«Ես սպասում եմ մեր առանձնազրույցին, որը հիմա կսկսվի։ Հետո մենք ձեռնամուխ կլինենք մեր թիմերի մասնակցությամբ քննարկմանը։ Հարցեր շատ ունենք, հուսով եմ, որ կգտնենք դրանց պատասխանները։ Լավ է, որ այսօր ձեզ հետ եմ», — ասել է Թրամփը։
Հինգրոպեանոց բաց հանդիպման վերջում երկու երկրների ղեկավարները միմյանց ձեռք են սեղմել, որը տևել է մոտ երեք վայրկյան։