«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագայի հարցը քննարկումների օրակարգում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Վարչապետը ցավով է անդրադարձել այն իրողությանը, որ ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ։ Նա նշել է, որ ընդհանրապես, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին որոշակի անվստահության ինչ-որ մթնոլորտ է եղել, որը գուցե կապված է եղել ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ժամանակավոր ղեկավար կունենա. Սարգսյանն է առաջարկել

Վարչապետը հույս է հայտնել, որ այս գործընթացների արդյունքում կարելի կլինի կոնկրետացնել պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ և ընդհանրապես նոր մոտեցումներ արձանագրել սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների, փոխգործակցության ձևերի, մակարդակի վերաբերյալ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Պետրոս Թերզյանին բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի դերը ստանձնելու համար:

Թերզյանը ափսոսանք է հայտնել կատարվածի համար` նշելով, որ հիմնադրամի պատմության մեջ նման բան չէր եղել:

«Հայաստան» հիմնադրամ. անունը վերականգնելը չափազանց բարդ է, բայց ելք կա

«Մենք գործել ենք հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծում եմ՝ հաջողել ենք, մինչև այս դեպքի ի հայտ գալը»,- ասել է Պետրոս Թերզյանը:

Նա վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր: