Ի՞նչ անել, որ Մշակույթի նախարարությունը չխանգարի մշակույթին. գործիչներն ահազանգում են

Մշակույթի մշակներն ու մշակութասեր մարդիկ հավաքվել էին ոլորտի խնդիրները քննարկելու, լուծման իրենց տեսլականներն առաջարկելու և սայլը տեղից շարժելու առաքելությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Մշակույթի նախարարությունը համապատասխան օրենքի բացակայությունն օգտագործում է իր օգտին՝ բաժանելով դաշտը յուրայինների և ոչ յուրայինների: Այս կարծիքը հայտնեց երգիչ, երգահան Վահան Արծրունին «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով հանդիպում-քննարկամը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում:

Մշակույթի նախարարը խոստացավ բացահայտել չարաշահումները

«Հիմա մշակույթի նախարարության քաղաքականությունն այս է. մենք տեսնում ենք դաշտը՝ դիտարկում այն, ինչ կա՝ մայր թատրոն, պետական թատրոններ, և այլն, մենք ստանում ենք բյուջե և բյուջեն բաշխում ենք այդ վեկտորներով: Եվ սա գործում է օրենքի բացակայության պայմաններում: Մշակույթի նախարարությունն էլ օրենքի բացակայությունն օգտագործում է իր օգտին՝ տալով գնահատականներ՝ դու ավելի մշակութային ես, դու՝ ոչ, կամ ես քեզ սիրում եմ, քեզ տալիս եմ»,-ասաց Արծրունին:

Հանդիպման մյուս մասնակիցը՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ մեր մշակույթի հանդեպ պետության վերաբերմունքը սահմանափակվում է առևտրային հարաբերություններով. այն ձևակերպվում է որպես վաճառք: «Հեռախոսի երաժշտության և Վահան Արծրունու երաժշտության միջև տարբերություն չկա: Ես կարծում եմ, որ այս վերաբերմունքը պիտի փոխվի. և բացարձակ կարևոր չի, որ լինի մշակույթի նախարարություն: Երկրում կարող է մշակույթի նախարարություն չլինի, բայց լինի մշակույթ: Հիմա իրականում մշակույթ կա, տաղանդավոր մարդիկ կան: Մշակույթի նախարարությունն էլ նրանց հետ հարաբերվելու երեք ձև ունի՝ խանգարել, չխանգարել, օժանդակել: Ինձ համար լավագույնը չխանգարելն է»,-նշեց Բաբայանը:

Վահան Արծրունին պատմում է իր մանկության բակի մասին

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի դիտարկմամբ՝ անկախ պետության դերից, պետականություն ունենալ-չունենալուց՝ մշակույթ եղել է և կա. «Մշակույթ կա պետության ցանկությունից և գիտակցությունից անկախ»,- ասաց նա: Պետություն-մշակույթ հարաբե¬րութ¬յուններում, ըստ նրա, միշտ ակնհայտ է փոխադարձ շահագործման ձգտումը: «Պետությունն ուզում է մշակույթին ծառայեցնել իր նպատակներին, մշակույթը չի ուզում ծառայեցվել, այլ ուզում է պետությանն օգտագործել իր համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Եվ այս տեսանկյունից մոտենալով խնդրին՝ պետք է նշենք, որ պետք է այս մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան»,-կարծում է Չարխչյանը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր-անդամ Գևորգ Թադևոսյանը հակառակը՝  կարևորում է գերատեսչության աջակցությունը մշակութային գործիչներին: Նրա համոզմամբ՝ մշակույթի նախարարությունը պիտի լինի այն օգնականը, ով արվեստագետին մենակ չպիտի թողնի ստեղծագործական կյանքի սկզբում, քանի որ դա նույնն է, որ երեխային թողնենք ինքնուրույն քայլել սովորի: «Ինչքան արվեստագետներ կան, որ խեղդվում են իրենց կենցաղում, որ սոված են մնում, ու չես կարող իրենց մեղադրել, որ ինքը զբաղվում է իր կենցաղային հարցերով»,- նշեց նա:

Հանդիպման մասնակիցները համամիտ էին, որ հարկ է նախևառաջ օրենք ընդունել մշակույթի մասին՝ կարգավորելով արվեստագետ-պետություն-հանրություն հարաբերությունները:

Ու այդ օրենքը պիտի ընդունվի մշակութաբանների, երաժշտագետների, գրականագետների մասնագի¬տա¬կան գնահատականները հաշվի առնելով, որակյալ նախագծերին աջակցություն տրամադրելով: