ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի նրա գործընկեր Ռուբեն Մելիքյանն այցելել են Մայր Աթոռ, հանդիպել Գարեգին Բ Վեհափառին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ–ը։
Ռուբեն Մելիքյանը գրում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Գնդեվանքի մերձակայքում Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստը, ինչպես նաև վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։
Ի դեպ, Արցախի ՄԻՊ–ը նշել է նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը հրապարակավ դատապարտելու համար իր ու Արման Թաթոյանի հասցեին սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ են գրում։
Ֆեյսբուքյան իր էջում նույն խնդրին է անդրադարձել նաև Հայաստանի ՄԻՊ–ը։
«Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում»,– գրում է Թաթոյանը` պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում գործադրել բոլոր ջանքերը խնդրի կարգավորմանը նպաստելու համար, այդ թվում՝ կողմերի հետ քննարկումների միջոցով։
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում շտապ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Կաթողիկոսին վտանգ է սպառնում, նրա մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում Վեհափառի հասցեին։
Արդեն շուրջ 2 ամիս «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը բողոքի ակցիաների միջոցով պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։
Շարժման մասնակիցները` Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։