ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Աշխատանքային օրենսգիրքը «կարվել է» ԱԺ–ում ներկայացված գործարարների միջոցով»

Sputnik Արմենիան հայաստանյան աշխատաշուկայում առկա խնդիրների, չարաշահումների մասին զրուցել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Օգտվելով իրավական բացից` գործատուները հաճախ փորձաշրջանի անվան տակ աշխատեցնում են քաղաքացիներին ու դրա դիմաց ոչինչ չեն վճարում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, անդրադառնալով հայաստանյան աշխատաշուկայում առկա խնդիրներին, ասել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Աշխատանքային օրենսգիրքը «կարվել է» պառլամենտում ներկայացված գործարարների կամ նրանց շահերը լոբբինգ անող պատգամավորների միջոցով։ Եվ տասնամյակներ շարունակ աշխատանքի մարդը ճնշված է եղել»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով` գործատուներն օգտվում են նաև գործազրկության բարձր մակարդակից ու ոտնահարում աշխատողների, հանգստի, արձակուրդի իրավունքը, չեն վճարում հավելյալ աշխատաժամանակի ու աշխատանքի դիմաց։