ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Այս ամենում իրանական հետք տեսնելը մի փոքր դժվար է»

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Ադրբեջանում, մասնավորապես Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունները։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի իշխանության հիմնական մեղադրանքն այն է, որ այսօր փորձ է արվում սպառնալ ադրբեջանական պետականությանը։ Ադրբեջանը նշում է` այդ ամենի «հեղինակը» Իրանն է, որը փորձ է անում, այսպես կոչված, Իսլամական հեղափոխությունը «արտահանել» դեպի Ադրբեջան։

«Այս ամենում իրանական հետք տեսնելը մի փոքր դժվար է, բայց այն, որ Իրանը հովանավորում է շիա հոգևորականներին և պարբերաբար աշխատանքներ է տարել, ակնհայտ է»,- ասում է Տոնոյանը։

Իշխանությունների պաշտոնական վարկածի համաձայն` հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին Գյանջայում մի խումբ անձինք փորձել են ապօրինի ակցիա անցկացնել քաղաքի գործադիր իշխանության շենքի դիմաց։ Ենթադրաբար արմատական կողմնորոշում ունեցող մոտ երկու հարյուր անձանցից բաղկացած խումբը փորձել է անկարգություններ իրականացնել, խաթարել քաղաքի կայունությունը։ Իրավախախտները, անտեսելով ոստիկանության աշխատակիցների նախազգուշացումները, դիմադրել են իրավապահներին և բութ ու կտրող-ծակող առարկաներ են կիրառել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է` Գյանջայում անկարգություններ կազմակերպելու փորձը ցույց է տալիս, որ արտաքին ուժեր կան, որոնց Ադրբեջանի զարգացումը ձեռնտու չէ։ Ընդ որում, ըստ նրա, խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև «որոշակի արտաքին ուժերի» մասին է։ Պարզվում է` արտաքին ուժն Իրանն է։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն էլ, առանց երկար-բարակ մտածելու, Գյանջայում լարվածություն հրահրելու համար ուղիղ մեղադրանք է հնչեցրել Իրանի հասցեին։ Նրա խոսքով` «կա՛մ Ադրբեջանին որևէ բան են ուզում ցույց տալ, կա՛մ Իրանի ղեկավարության արմատական շրջանակները փորձում են ապակայունացնել Ադրբեջանի իրավիճակը և շիաների ու սունիների միջև բախումների հանգեցնել»։