Կադրային բանկ` կադրային հեղափոխության համար, համակարգը կֆիլտրի լավագույններին. ՀՀ վարչապետ

«Աշխատանքի շուկայում պահանջներն անընդհատ մեծանում են, այլ խնդիր է, թե պետական համակարգում արդյո՞ք ամենաարժանիներն են ստանում աշխատանք, թե ոչ»,–ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ շեշտեց վարչապետը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik.  Ֆեյսբուքյան հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ  են հաճախ մինչև 30-35 տարեկան անձանց են հրավիրում աշխատանքի։

Վարչապետն ընդգծեց, որ կա այդ խնդիրը, և՛ դա, և՛ գործազրկությունը մի գործողությամբ հնարավոր չի լուծել։ Դա ենթադրում է շղթայական գործողությունների շարք:

«Պետական մակարդակով կադրային բանկ ստեղծելու նպատակ կա, որտեղ աշխարհի յուրաքանչյուր ծայրերից յուրաքանչյուր քաղաքացի, ով հայերենի է տիրապետում, կարող է իր հավակնությունները ներկայացնել այդ հարթակին, իսկ այն կֆիլտրի ու կփորձի կառավարությանը ներկայացնել լավագույններին»,–տեղեկացրեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ պետական կառավարման որոշ համակարգերում հին իներցիան հնարավոր չի լինում կանգնեցնել. «Կան մարդիկ, որոնք ասում են, որ 1-2 ամիս կանցնի և կմոռանան՝ ինչի մասին էր այս ամենը. կսկսեն փող աշխատել, կոռուպցիոն սխեմաները կվերականգնվեն»:

Ֆուտբոլում փոփոխություններ պետք են և դրանք պիտի ստանձնի ՀՖՖ-ն. Փաշինյան

Նա ցավով նշեց, որ պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում, և պետք է հնարավորինս արագ կադրային հեղափոխության համար հստակ կադրային բանկ լինի, որպեսզի հնարավորություն լինի կադրային հեղափոխությունն անցկացնել

Ըստ նրա՝ յուրաքանչյուրի ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ մակարդակը պիտի բարձրացվի:

Վերջում վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում կա ոլորտ, որտեղ 4000-ից ավելի թափուր աշխատատեղ կա։ Մատնացույց անելով ինֆորմացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` նա հրավիրեց աշխատել այս դաշտում: