Աջապահյանը մանրամասներ է պատմում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների մասին

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել է Կաթողիկոսի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik.  «Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք ` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին»,–գրել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Նա տեղեկացնում է, որ նույնիսկ անհաջող փորձ է արվել իր անունը ևս կապել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հետ` տարիների մտերմությունը անհարկի շահարկելով և լուսանկարների ու առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով։

«Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով և աղոթքով քավելու իմ մեղքը` հոգևոր դաստիարակության մեջ այսպիսի աններելի ձախողման համար»,–գրել է Շիրակի թեմի հովվապետը:

Նա նաև հավելել է, որ քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե նույնիսկ մեղանչումներ էլ է ունեցել, ապա անցնելով խաչի ճանապարհով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացել է, իսկ իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացել են սեփական լուտանքների և հայհոյանքների ծանր մեղքի բեռի տակ` «բաժնեկից դառնալով Տիրոջը խաչի դատապարտողներին»: