ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ` ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար»,– ասվում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։
Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ։
«Հայ հետախույզի» առողջական խնդիրների մասին տեղեկացնում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,–գրել է Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանմական կողմը հայտարարություն է տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում»։ Ըստ դրա` գերվել է «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը։