Իրանը չի հեռանա, նույնիսկ մի խնդրեք, բայց Իսրայելը կարող է չանհանգստանալ

Կասկած չկա, որ Սիրիայում տիրող իրավիճակը կդառնա Հելսինկիում հուլիսի 16–ին Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների բանակցությունների կարևորագույն թեմաներից մեկը։ Յուրաքանչյուր կողմ ունի իր պահանջները, իր «կարմիր գծերը» և խոսել կարելի է ունեցած պայմաններում հնարավոր փոխզիջումների մասին։ Բայց Սիրիան նույնպես ունի իր սկզբունքային պահանջները։
Sputnik

Սիրիական կառավարական բանակը հունիսի վերջից Դերաայի նահանգում հերթով ազատագրել է քաղաքները և կես ամսվա ընթացքում գրեթե մաքրել այն ահաբեկչական վարակից։ Ուրբաթ հաղորդագրություններ են ստացվել նահանգի համանուն կենտրոնը գրավելու մասին, և դա խորհրդանշական է, քանի որ հենց այստեղից է 2011թ–ին այս երկրում սկսվել պատերազմը։ 

Ծոցի արգելափակում և քաոս նավթի շուկայում. Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքները

Հավանաբար ի հեճուկս այդքան հաջող գրոհի` հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ միջազգային կոալիցիան կրկին ավիահարվածներ է հասցրել Սիրիային։ Այս անգամ թիրախ են դարձել Դեյր էզ Զոր նահանգի բնակավայրերը։ Նշվում է, որ հարձակումը կատարվել է բնակելի թաղամասերի վրա հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ, նրանց շարքում` շատ կանայք ու երեխաներ։

Անկասկած, Թրամփը երկուշաբթի օրը Հելսինկիում կփորձի համոզել Պուտինին նպաստել սիրիական հակամարտությունից Իրանի հեռանալուն, այդ մասին երազում է Իսրայելը, և վերջերս Նեթանյահուն դրա համար ժամանել էր Մոսկվա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, ուրբաթ այաթոլա Ալի Համենեի` միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթինհայտարարել է, որ իրանցի զինվորական խորհրդականները կլքեն Սիրիան և Իրաքը, երբ Թեհրանն այդ մասին խնդրի այդ երկրների կառավարություններին։

«Հենց Իրանի և Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը թուլանա, ահաբեկիչները միանգամից կվերադառնան այնտեղ», – նշել է Վելայաթին, և նա ակնհայտորեն իրավացի է։ Վելայաթին չի էլ մտածում թաքցնել, որ Սիրիայում իր ներկայությունը համաձայնեցնում է Դամասկոսի և Մոսկվայի հետ, բայց միաժամանակ կտրականապես հերքում է, որ այդ ներկայությունն ուղղված է Իսրայելի դեմ։

«Սիրիայում մեր ներկայությունը կապ չունի Իսրայելի հետ։ Մենք, իհարկե, համաձայնեցնում ենք մեր դիրքորոշումները Ռուսաստանի և Սիրիայի հետ։ Պարտադիր չէ, որ այդ համաձայնեցումը համապատասխանի Իսրայելի պահանջներին», – պնդում է Վելայաթին։ Իրանն ուղղակի չի ուզում, որ ահաբեկիչները հայտնվեն իր սահմանների մոտ, իսկ Իսրայելը նյարդայնանում է Իրանի մասին ցանկացած հիշատակումից` անկախ նրանից, թե այդ հիշատակումը Իսրայելի համար սպառնալիք պարունակում է, թե ոչ։

Սիրիայի գրոհայինները կհանձնվեն կամ կոչնչացվեն. Դամասկոսի հաջողության բանաձևը

Միաժամանակ աչքի է զարնում, որ ո՛չ Թել Ավիվում, ո՛չ Վաշինգտոնում չեն հավատում համոզելու հաջողությանը։ Մոսկվայում բազմիցս հասկացրել են, որ իրատեսական չեն համարում Սիրիայից Իրանի հեռանալը և նույնիսկ չեն փորձի ինչ–որ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ընդունելով հորդանանցի գործընկեր Սաֆադիին, ասել է` իրատեսական չէ ակնկալել, որ Իրանը` տարածաշրջանային ամենախոշոր խաղացողներից մեկը, կհրաժարվի սեփական շահերից։

Մի շարք երկրների մամուլում հիմա նյութեր են հրապարակվում, որոնցում խոսվում է Մոսկվայի, Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև ինչ–որ գաղտնի (և կիսագաղտնի) բանակցությունների մասին Սիրայից Իրանին դուրս մղելու ուղիների մասին։ Նման ապատեղեկատվության պատճառը կարող է լինել միայն մի բան` անվստահություն սերմանել Ռուսաստանի և Իրանի միջև, ինչը շատ օգտակար կլիներ Թեհրանի և Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդներին։

Ցանկանալով հասնել անհրաժեշտ արդյունքի` Վաշինգտոնում նույնիսկ պատրաստ են չպնդել, որ Սիրիայի օրինական նախագահ Ասադը հեռանա, և Սպիտակ տունը դա հասկացնել է տվել։ ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը երկու շաբաթ առաջ հաստատել է, որ Վաշինգտոնում համաձայն են, որ Ասադը պահպանի իշխանությունը, եթե Ռուսաստանը համաձայնի Սիրայից իրանցիների հեռանալու հետ, Թրամփը նույնիսկ պատրաստ է զորքերը դուրս բերել և օգնել սիրիացի զինվորականներին վերականգնել Հորդանանի հետ սահմանին գտնվող հարավային շրջանների լիակատար վերահսկողությունը։

Շատ իսրայելական զենք ու քիչ իրանցի նախարարներ. տարածաշրջանում ինչ–որ բան է փոխվել

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան այսպես է ասել «Ալ Մոնիտոր» արաբական պարբերականին. «Մեր խնդիրը` կապված Սիրիայի հետ, իրականում այդքան բարդ չէ։ Ի վերջո, մեզ համար լավ է, եթե Սիրիայում լինի կազմակերպված ռեժիմ։ Այդպես եղել է Ասադների ռեժիմի գոյության ավելի քան 40 տարիների ընթացքում, և մենք պատրաստ ենք ևս քառասուն տարվա»։

Կարելի է փոխզիջումներ գտնել, որոնք շահավետ կլինեն բոլորին։ Եվ լավ կլինի, եթե դրանք գտնվեն, որպեսզի յուրաքանչյուր կողմն էլ առավելագույնը ստանան ներկա իրավիճակում։ Բայց շատ դժվար կլինի օգնել միլիոնավոր փախստականներին և հարյուր հազարավոր զոհերին…