ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik.Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ և հույն պատրիարքների և Սուրբ Երկրի Քուստոսի կողմից:
«Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսեթում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսեթում»,-նշել է Հովնան Բաղդասարյանը:
Բենիամին Նեթանյահուն իր նամակում հավաստիացնում է Երուսաղեմի հայ պատրիարքին, որ թելադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից և հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:
Հիշեցնենք, այս տարվա փետրվարի 25-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակել էին՝ ի նշան բողոքի Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման դեմ, որով հրահանգված էր հարկեր գանձել Սուրբ Երկրի եկեղեցիներից ու վանքերից։
Այն ուղղված էր նաև Քնեսեթում քննարկվելիք օրինագծի դեմ, որով իրավունք է վերապահվում հրեական պետությանը բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվելու մասնավոր ընկերություններին կամ ձեռներեցներին: Նաև ըստ այդ օրինագծի նոր հանձնաժողով էր ստեղծվելու, առանց որի թույլտվության քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները երեք օր փակ էին մնացել։ Այնուհետև Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հույն պատրիարք Թեոֆիլոս երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնը բողոքի նամակ էին հղել Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով, որ վարչապետը կանխի եկեղեցապատկան հողերը յուրացնելու մասին օրինագծի ընդունումը: