Հայաստանի ոստիկաները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող հային, վրացուն ու ուկրաինացուն

Հայ իրավապահները միջազգային հետախուզման մեջ գտնվող երեք անձանց հայտնաբերել են Հայաստանի սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հայ իրավապահներին հաջողվել է հայ-վրացական սահմանի անցակետում հայտնաբերել ու բերման ենթարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող երեք անձանց` ազգությամբ հայ, վրացի ու ուկրաինացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Տեխզզնում իրականացնող ընկերություններն ավելի քան 2 միլիարդ դրամ են հափշտակել. տեսանյութ

Հուլիսի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 33-ամյա Էդգար Թ․-ն։ Նա հունիսի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ անօրինական ներգաղթի մեղադրանքով։

Նույն օրը նույն անցակետում հայտնաբերվել է նաև Վրաստանի քաղաքացի, 57-ամյա Թամազի Չ․-ն։ Նա 2000 թ․ հունվարի 9-ից հետախուզվում էր ՌԴ-ում կատարած ավազակային հարձակման մեղադրանքով։

Ժամեր անց նույն տեղում հայտնաբերվել է նաև Ուկրաինայի քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Շ․-ն։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016 թ․ հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով՝ երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով։

Հետախուզվողներին հայտնաբերելու մասին հայկական կողմը տեղեկացրել է հետախուզում հայտարարողներին։