Արարատում 17 տարեկան պատանի է խեղդվել. երկու նման դեպք` նույն օրում

Փրկարարները չեն հասցել փրկել պատանու կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխա է խեղդվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած փրկարարներին չի հաջողվել փրկել խեղդվողին։

Ջրասուզակների ջոկատը ջրից դուրս է բերել 2001թ-ին ծնված Հ. Կ.-ի դին:

ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղի մոտ, Մեծամոր գետում։

Նշենք, որ այսօր նմանատիպ դեպք էր գրանցվել Չարենցավան քաղաքում։ Երկու օր ընթացող որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ջրանցքից դուրս էին բերել 17 տարեկան Հ. Օ.-ի դին։