Երկու տարեկան երեխային սպանե՞լ են Արագածում. քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով

Օրեր առաջ Արագածոտնի մարզում գյուղով հոսող առվի մեջ մահացած հայտնաբերված երեխայի մահվան վերաբերյալ քննիչները կասկածներ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Արագած գյուղում առվի մեջ հայտնաբերված 2 տարեկան երեխայի մահը կարող է ոչ թե դժբախտ պատահարի, այլ սպանության հետևանք լինել։ Այս վարկածն առաջ է քաշել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը։

Ողբերգական դեպք Երևանում. քույրը լոգարանում հայտնաբերել է էլեկտրահարված եղբոր դիակը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության հիմքով։

Բանն այն է, որ գյուղամեջի առվի մեջ հայտնաբերված դիակի վրա` գլխի ու մեջքի հետին հատվածում, եղել են վնասվածքներ, ինչն էլ քննիչներին կասկածի տեղիք է տվել։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նշված վնասվածքներից բացի, առկա են եղել նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մանկահասակ երեխայի մահը, հնարավոր է, վրա է հասել բռնության հետևանքով:

Հիշեցնենք` երեխան կորել էր 2018թ. հուլիսի 8-ին 18:30-ին սահմաններում։ Որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 21:40-ի սահմաններում երեխայի դիակը հայտնաբերել էին գյուղամիջով անցնող առվում։