«Սասնա ծռերի» անդամ Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա միակ որդին

23 տարեկան տղան դժբախտ պատահարի զոհ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի՝ կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա 23 տարեկան որդին: Այս մասին նշված է խմբավորման ֆեյսբուքյան էջում։

««Սասնա ծռեր» խմբավորումը և Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իրենց խորագույն ցավակցություններն են հայտնում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թորոս Թորոսյանին, նրա տիկնոջը և բոլոր հարազատներին, նրանց միակ որդու` 23-ամյա Արման Թորոսյանի մահվան առիթով, որը տեղի է ունեցել երեկ` 13 հուլիսի երեկոյան, Արցախում, ավտովթարի հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Թորոս Թորոսյանը կալանավորումից դուրս է եկել նույն օրը` հուլիսի 13-ին:

Արցախի ոստիկանությունը այս վթարի վերաբերյալ հայտնել էր, որ հուլիսի 13-ին, ժամը 20:20-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ 41-ամյա Պ. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան «Հին-շեն համայնքի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը: Վթարի հետևանքով ինքը և ուղևորը` նույն քաղաքի բնակիչ 24-ամյա Ա. Թ-ն, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ նշված քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Գ. Թ-ն և 52-ամյա Ա. Ա-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ»: