Մալիշկայի գյուղապետը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու համար

Կաշառք բաժանելու համար մեղադրվող գյուղապետը ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, պետական մրցանակների արժանացած անձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

ՀՔԾ–ում քննվող քրեական գործով պարզվել է, որ գյուղապետը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք է բաժանել։

2017թ-ի խորհրդարանական ընտրություններում, լինելով ԱԺ պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար, նրա օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինից ստացել է 13 մլն դրամ և այն 10.000-ական դրամներով բաժանել ընտրողներին։

Եվ քանի որ թեկնածուն ընդամենը 800 ձայն է ստացել, պայմանավորվածության համաձայն` նրան է վերադարձրել չստացած 500 ձայնի դիմաց վերցրած 5 մլն դրամը:

Հատուկ քննչական ծառայությունը դատարանին միջնորդել է գյուղապետ Մհեր Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Նշենք, որ 2017թ-ին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր են ընտրվել ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն ու «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը։

«Սպայկայում» չեն հասկանում` ՊԵԿ–ն ինչ ստուգումների մասին է խոսում

Մալիշկայի գյուղապետ Մովսիսյանը 1989-2002թթ. աշխատել է գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Իսկ 2002թ.-ին ընտրվել է գյուղապետ ու անփոփոխ մնացել այդ պաշտոնում մինչ օրս։

2006թ. Մովսիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

2007թ. պարգևատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով:

2011թ. ՀՀ վարչապետի հրամանագրով ճանաչվել համայնքի լավագույն ղեկավար: