Կաթողիկոսի ճանապարհը փակել են և սպառնում են քարերով. ահազանգում է հոգևորականը

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փակել են կաթողիկոսի ճանապարհը և սպառնալիքներ են հնչեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում»,- գրել է նա։

Հոգևորականը շեշտել է` հոգևոր պետին վտանգ է սպառնում։

«Սույն գործողությունները դատապարտելի են և պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է նա։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։