Հոգևորականները պատրաստ են կյանքի գնով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը. տեսանյութ

Գարեգին Բ–ի հետ կապված միջադեպը ստիպել է հոգևորականներին կոչով դիմել այն անձանց, ովքեր ապահովում են մարդկանց անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կոչով դիմել է ՀՀ պատկան մարմիններին և պահանջել, որ նրանք ապահովեն Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը։

«Կաթողիկոսի կյանքին սպառնացող վտանգը փարատված է, սակայն ուզում ենք մեր կոչն ուղղել ՀՀ պատկան մարմիններին որպես քրիստոնյա և ՀՀ քաղաքացի, որ նրանք պարտավորություն ստանձնեն, այսինքն իրենց ուսերին դրված պարտավորությունը բարեխղճորեն իրագործեն և ապահովեն հայոց հայրապետի կյանքի անվտանգությունը և նրա գործունեության ու առաքելության անխափան իրականացումը։ Եթե պատկան մարմիններն ի վիճակի չեն կատարելու իրենց պարտականությունները, ապա թող իմանան, որ մենք` հոգևորականներս, մեր կյանքի գնով կկատարենք այդ պարտականությունը»,- ասել է նա։

Քահանայի խոսքով` այդ ժամանակ հետագա պատասխանատվությունը կծանրանա այդ անձանց ուսերին։

«Զգուշացեք Աստծու բարկությունից, մեր նախնյաց սոսկալի անեծքից։ Գիտցեք ձեր տրված շնորհը` ի բարին գործադրել»,- եզրափակել է նա։

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։

Ավելի ուշ նա տեղեկացրել էր, որ կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։