Կաթողիկոսին դուրս են բերել ցուցարարների շրջափակումից

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին այս պահին վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների` նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա:

Ավելի վաղ նա գրել էր, որ այսօր կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։