«Ելքը» բոյկոտում է քաղաքապետի ընտրությունը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հուլիսի 16-ի ավագանու նիստին չի մասնակցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «Ելքը» Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի, ավագանու արտահերթ նիստին էլ չի մասնակցի։ Խմբակցությունն այս մասին հայտարարություն է տարածել։

««Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին քաղաքապետարանում նախանշված է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվի։ Առաջադրված միակ թեկնածուն այս պահին «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։ Խմբակցությունն ավագանիում 3 անդամ ունի։ Ընտրվելու համար Զարուհի Փոստանջյանին անհրաժեշտ է 32 ձայն։