«Սասնա ծռերի» ևս երկու անդամի ազատ արձակեցին

Գրավի դիմաց կալանքից ազատված «Սասնա ծռերի» անդամները մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պատանդառության, շենք-շինություններ զավթելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն ու Թորոս Թորոսյանն այսօր ազատ են արձակվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ։

Նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, Գերավետյանի դեպքում` 1 միլիոն, Թորոսյանի` 500 հազար դրամի չափով։

Դատավոր Վարդանյանը հրապարակել էր նրանց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն` երկու ամբաստանյալներն էլ մի շարք հիվանդություններ և բուժման կարիք ունեն։

Հիշեցնենք` Գերավետյանն ու Թորոսյանը մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պատանդառության, շենք-շինություններ զավթելու համար:

Նշենք, որ Վարդան Գերավետյանը քաղաքացիական ակտիվիստ է, Թորոս Թորոսյանը` Արցախյան ազատամարտի մասնակից, Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակի անդամ։

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։

Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։