Գյանջայում կազմակերպված անկարգությունները զանգվածային ձերբակալությունների են հանգեցրել

Գյանջայում երկու գնդապետների սպանության կասկածյալներից մեկին անցած գիշեր սպանել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի Գյանջա քաղաքում գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ մահափորձից հետո ահաբեկչության բացահայտ կոչերի համար ձերբակալել են 3 մարդու, հարուցվել է 21 քրեական գործ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վելիևի և նրա թիկնապահի դեմ զինված հարձակում են գործել հուլիսի 3-ին։ Նրա վրա կրակած Յունիս Սաֆարովը ձերբակալվել է հենց հանցագործության վայրում։ Գյանջայի գործադիր իշխանության ղեկավարը վնասվածքներ է ստացել։

Հուլիսի 10-ին Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք, ինչպես ենթադրում են ադրբեջանական իրավապահները, կազմակերպել է 150-200 հոգուց բաղկացած կրոնական ծայրահեղականների խումբը, խռովարարները սպանել են ոստիկանության երկու սպայի։

Հանցագործության երկու կասկածյալները Գյանջայի բնակիչներ են` ավելի վաղ դիտավորյալ սպանության և կողոպուտի համար դատված Ռաշադ Մամեդալիօղլու Բեյուկիշիևը և Ֆարուք Հագանիօղլու Հասիմովը։ Վերջինը ձերբակալվել է։

Ռաշադը ձերբակալության ժամանակ չեզոքացվել է, քանի որ զինված դիմադրություն է ցուցաբերել իրավապահ ուժերին։