Զվարճալի նվեր Փաշինյանի կնոջ համար. գանգրահեր «նմանակը» դուր է եկել Աննա Հակոբյանին

Աննա Հակոբյանին ուրախացրել է ինքնատիպ նվերը, և նա լուսանկարը հրապարակել է Facebook-ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, գանգրահեր տիկնիկ է նվեր ստացել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում` հրապարակելով զվարճալի խաղալիքի լուսանկարը։

Տիկնիկի հագին ջինսե տաբատ է, սպիտակ վերնաշապիկ, պարանոցին` նուրբ վարդագույն շարֆ։ Կերպարն ամբողջացնում է «Դուխով» գրությամբ խոսափողը։

«Այսպիսի տիկնիկ եմ նվեր ստացել, շնորհակալ եմ Աննա Գիվարգիզյան ջան», — գրել է վարչապետի կինը։

Ի պատասխան` Գիվարգիզյանը հրապարակել է Հակոբյանի և տիկնիկի հետ համատեղ լուսանկարը։

Նա ավելացրել է, որ տիկնիկը պատրաստել է Լիդիա Հովհաննիսյանը, իսկ դիզայնի հեղինակը Ռուզաննա Հովհաննիսյանն է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը` Մարիամ Աղաջանյանը, հունիսի 1-ին որոշել էր ինքնատիպ նվեր մատուցել սիրելի վարչապետին և իր պատրաստած տիկնիկները փոխանցել էր Փաշինյանին։ ՀՀ վարչապետը շնորհակալություն էր հայտնել նվերի համար, բայց հրաժարվել էր նվերն ընդունել։ Նա ասել էր` եթե ինքն ընդունի աղջկա նվերը, մյուս քաղաքացիներն էլ կշտապեն նվեր բերել, իսկ դա անընդունելի է։