Ի՞նչ հաշվարկներ ունի Փաշինյանը Երևանի քաղաքապետի հարցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Չի բացառվում, որ Երևանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել, երեկ էլ Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին:

Ի՞նչ է սպասում Երևանի ավագանուն. ընտրե՞լ քաղաքապետ, թե՞ մնալ նիստերի դահլիճում

«Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Ու հիմա ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորությունները՝ լուծարելով այն»,- նշված է հոդվածում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Փաշինյանն ավագանին լուծարի ոչ թե անմիջապես քաղաքապետ չընտրելուց հետո, այլ այն հաշվարկով, որ և՛ ԱԺ, և՛ ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ, չնայած ՀՀԿ-ականներն ի սկզբանե այլ հաշվարկներ են ունեցել: