Փաշինյանն ուզում էր զտումներ անել ՊԵԿ–ում, բայց նրան համոզեցին

Կարևորը` լավ մասնագետ լինի. նախկին իշխանության օրոք աշխատելու համար ոչ ոք չի պատժվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Նախկին իշխանությունների օրոք աշխատած փորձառու մասնագետն իրավունք ունի աշխատելու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

ՊԵԿ–ը հրապարակեց «գազային օլիգարխների» անունները. ցանկում են Ծառուկյանն ու Թոխմախի Մհերը

Նա ավելացրեց, որ կոմիտեի աշխատակազմում կան հարկային ու մաքսային փորձառու տեսուչներ, ֆինանսիստներ ու վերլուծաբաններ, այդ թվում` ավագ ու միջին ղեկավար օղակներում։

«Եթե նրանք պատրաստ են նորովի աշխատել, ինչու ոչ», — ասաց Անանյանը։

Անանյանը նշեց, որ իր նշանակումից հետո կադրային քաղաքականության մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու համոզել նրան։

Անհամաձայնություն եղել է, բայց հաղթել է այն մոտեցումը, որ մասնագետը մասնագետ է, նույնիսկ եթե նա աշխատել է Քոչարյանի ու Սարգսյանի օրոք։

Անանյանն ամփոփեց, որ եթե «հին» մասնագետները պատրաստ են նորովի լծվել գործին, ապա կարող են շարունակել աշխատել։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 8-ին վարչապետ ընտրեց «Իմ քայլը» բողոքի շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Նոր վարչապետը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ կադրային զտումներ անել և ձգտում է ազգային համերաշխության կառավարություն ստեղծել։