Նիկոլ Փաշինյանի և թուրք նախարարի «սրընթաց» շփումը. վարչապետը մանրամասներ է ներկայացրել

Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին:

Վարչապետի խոսքով` երբ նստած են եղել պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, որին ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն:

«Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,-ասել է վարչապետը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել աշխատանքային այցով։