Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները սադրիչ գործողությունների են դիմել. Տեր Վահրամ քահանա

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը հայտնում է, որ Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները հուլիսի 13-ի առավոտյան փորձել են խաթարել Մայր Աթոռի անդորրն ու աղոթական միջավայրը` Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով»,- գրել է նա:

Հոգևորականը հիշեցրել է հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։

«Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես է Էջմիածնում։