Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից մեկը բուհի տնօրեն է նշանակվել

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստը պաշտոն է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել կաթողիկոսի հրաժարականը պահանջող Կարեն Պետրոսյանը: Facebook սոցիալական ցանցում նա արդեն բազում շնորհավորանքներ է ստացել։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները սադրիչ գործողությունների են դիմել. Տեր Վահրամ քահանա

Նշենք, որ 36 տարեկան Կարեն Պետրոսյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Նա ավարտել է հենց այս բուհը և այժմ դասախոսում է այնտեղ։

Պետրոսյանը նաև Գյումրիում մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ «Մեկ բացիկ, մեկ բնակարան» նախաձեռնության համահեղինակներից է:

«Էլեկտրիկ-Երևան» շարժման և «թավշյա հեղափոխության» օրերին նա ղեկավարում էր Շիրակի մարզում անցկացվող ակցիաները, իսկ հիմա «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից է, պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։

Հիշեցնենք` բուհը նախկինում ղեկավարում էր Սամսոն Դավոյանը, որը թոշակի է անցել։

ԶԼՄ-ները հայտնում են, որ առաջիկայում տեղի կունենան ռեկտորի ընտրություններ, և, հավանաբար, հենց Կարեն Պետրոսյանին կնշանակեն ռեկտորի պաշտոնում։