«Թավշյա» հեղափոխությունը մերկացրեց Ադրբեջանի նախագահի վախերը». Փաշինյան

Հայաստանի վարչապետը սեփական դատողություններն է ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության հոգեբանության և մտավախությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին առայժմ չի խոսվում։ Այդ մասին հինգշաբթի օրը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Փաշինյանը։

Գնահատելով երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպման արդյունքները՝ Փաշինյանը նշել է, որ այն շրջադարձային չի եղել և չարժե լուրջ արդյունքներ ակնկալել դրանից։

Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

«Առաջին շփումից երբեք պետք  չէ սպասել մեծ արդյունքներ, դա արժեքավոր է նրանով, որ թույլ է տալիս ծանոթանալ», — ասել է նա։

Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանում և արցախյան առաջնագծում տիրող իրավիճակին՝ մեկնաբանելով սահմանամերձ գոտիներում հրաձգային ակտիվության նվազեցման մասին տվյալները։ Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում այն իսկապես բավական ցածր է, օրեր են լինում, երբ այն իսկապես շատ ցածր է։ Բայց Փաշինյանը հիշեցրել է, որ կրակոցներն Ադրբեջանի ագրեսիվության միակ ցուցանիշը չեն։

«Ես խոսում եմ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, նրա հնչեցրած հայտարարությունների, տարածած կեղծ տեղեկատվության, ինչ-որ գործողությունների, սադրանքների մասին, որոնք, մասնավորապես, ձեռնարկվում են Նախիջևանի ուղղությամբ։ Այդ ամենը որոշ առումով կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Ադրբեջանը շուրջ խնդիրներ ունի կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության, կոռուպցիայի հետ։

Փաշինյանը դժգոհ է Եվրամիության անհասկանալի կեցվածքից

Կարծում եմ, որ նրանք փորձում են սահմանին սադրանքների միջոցով շեղել իրենց ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից, հնարավոր է` վախենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կթափանցի Ադրբեջան։ Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանի վրա, որովհետև այս գործընթացը մաքուր հայկական և մաքուր հայաստանյան գործընթաց էր, և որևէ միջազգային կոմունիկացիոն ուղիներ փնտրելն այդքան էլ ճիշտ չէ»,-ընդգծել է Փաշինյանը:

Նա նաև մատնացույց է արել այն հանգամանքը, որ հայաստանյան գործընթացներից հետո Ադրբեջանում տեղի ունեցան հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններ, որոնք բացահայտեցին Ադրբեջանի գործող նախագահի վախերը՝ կապված տեղի ունեցած գործընթացների հետ։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամադյարովի առաջին հանդիպումը։Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շեֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: