ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ադրբեջանական դիրքերից հայկական սահմանապահ դիրքերի ու Գեղարքունիքի սահմանամերձ գյուղի ուղղությամբ կրակել են հուլիսի 12-ին, ժամը 14-15-ի սահմանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ջիլ գյուղը ներառող Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
«Կրակոցները ոչ թե նշանառու, այլ տարերային են եղել։ Ուղղակի երևի դիքերին կրակել են, անցել են, հասել գյուղ։ Գնդակներն ընկել են խանութի մոտ, տանիքներին։ Բարեբախտաբար տուժածներ չկան, ավերածություններ ու վնասներ չեն եղել»,- ասաց գյուղապետը։
Կատարվածի մասին տեղական իշխանությունները տեղյակ են պահել պատկան կառույցներին` մարզպետարան, ԱԻՆ, ՊՆ, ոստիկանություն։ Վերջինների ներկայացուցիչները եղել են դեպքի վայրում, արձանագրություններ կազմել, հավաքել իրեղեն ապացույցները։
Շուշանյանը նշեց, որ ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում արդեն սովորական երևույթ են, բայց գյուղի բարձրադիր դիրքը (ադրբեջանական դիրքերի նկատմամբ) գյուղի բնակիչներին հույս է ներշնչում, որ նշանառու կրակոցներ գյուղի վրա արձակվել չեն կարող։
Իսկ վերջին կրակոցները գյուղում այս դեպքից մեկ շաբաթ առաջ են հնչել։
«Շաբաթը մեկ, ամիսը մեկ անգամ, ինտենսիվ ժամանակ` ամեն օր կրակում են,- ասաց գյուղապետը,- եթե սահմանի վրա լարվածությունն ակտիվանում է, կրակում են։ Նրանց մոտ այդպես է` կարող է այդ օրը խմեն, սկսեն կրակել, կարող է Նոր տարի լինի, սկսեն կրակել, ապրիլի 24-ին սկսեն կրակել, սեպտեմբերի 21-ին սկսեն կրակել։ Մեր տոներին այդպես են մեզ շնորհավորում»։
Հիշեցնենք`ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր Sputnik Արմենիային հայտնել էր, որ հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ու բնակավայրերից մեկի ուղղությամբ։ Դիրքապահների շարքերում կրակոցներից տուժածներ չկան։