ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում ելույթ է ունեցել Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։
Իր խոսքում վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանը, որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը 2010 թվականից ի վեր նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում:
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով: Մենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի Կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը»,–հավաստել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, չնայած քննարկման ձևաչափի անհամապատասխանությանը, ստիպված է եղել անդրադառնալ նաև Արցախյան հիմնախնդրին, քանի որ մինչ նրա ելույթն այդ հարցն արդեն բարձրացված է եղել։
«Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ:
Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին»,– հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նա ևս մեկ անգամ կարևորել է ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածներինը, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը: