Դիլիջանում մի անչափահասը դանակահարել է մյուս անչափահասին. հարուցվել է քրեական գործ

16–ամյա դանակահարողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։

2018 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 02:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք, պնևմաթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2001թ.:

Գիշերային ակումբի մոտ դանակահարություն կատարողն ինքնակամ ներկայացել է

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Պարզվել է, որ հուլիսի 10-ին, ժամը 21-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս, որոնցից մեկին՝ 2001 թ. ծնված պատանուն, պատճառվել է ծանր մարմնական վնաս, իսկ մյուսին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ևս Դիլիջանի բնակիչ է, ծնված՝ 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: