Դեռ ժամանակը չէ․ բանակցություններն առայժմ կշարունակվեն առանց Ստեփանակերտի

Չնայած Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Արցախը պետք է իր անունից բանակցություններ վարի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը խոսքն այլ բանի մասին է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանը չի շտապում առաջ տանել Արցախի շուրջ բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության հարցը, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը բեկումնային չի լինի»

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում։ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ։

Հակոբյանի խոսքով՝ չնայած Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ հանդիպման արդյունքում տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ եղել են նաև կոնկրետ քննարկումներ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում հաստատվում են բոլոր երեք սկզբունքները, նշանակում է՝ կողմերը համաձայնության են հանգել այս հարցի շուրջ», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ կարևոր է նաև այն, որ հայտարարությունում խոսքը գնում է լարվածությունը նվազեցնելու և սադրիչ հռետորությունից հրաժարվելու մասին։ Դա հույս է տալիս, որ ծանոթություններից և քաղաքական կոռեկտության ատրիբուտներից բացի որոշակի համաձայնություն է ձեռք բերվել ընդհանուր դրույթների վերաբերյալ։

Բոզոյան. «Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը կլիցքաթափի վերջին շրջանի լարվածությունը»

Կարելի է ենթադրել, որ ինչ-որ նոր մեսիջներ, բացի բանակցային գործընթացը վերականգնելու մասին ազդանշաններից, չկան։ Միաժամանակ պայմանավորվածություն կա առարկայական զրույցի մասին, այլ ոչ թե այնպես, ինչպես եղել է վերջին տարիներին, կարծում է փորձագետը։

Ամենայն հավանականությամբ, հանդիպմանը քննարկվել են մանրամասներ, թե արդյոք ուժի մեջ են այս կամ այն պայմանավորվածությունները։ Մյուս կողմից, վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Հայաստանը պետք է բանակցություններ վարի իր անունից, իսկ Արցախը պետք է ներկայացնի հենց Ստեփանակերտը։

Բայց առայժմ տպավորություն է ստեղծվում, որ հիմա ավելի շատ խոսվում է նախորդ ձևաչափի մասին։ Ավելին, մի քանի օր առաջ Մամեդյարովը հայտարարել է, որ դրանք կշարունակվեն այն կետից, որտեղ ընդհատվել են։

«Այնպես որ, առայժմ անհասկանալի է, թե ինչպես կհամատեղվեն Փաշինյանի առաջարկները, բանակցությունները նախորդ կետից վերսկսելու մասին խոսքերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին հավատարմությունը», — ասաց Հակոբյանը։

Առայժմ Ստեփանակերտի պարտադիր մասնակցության մասին պաշտոնական արձագանք համանախագահների կամ Ադրբեջանի կողմից չի հնչել։ Բայց հնչել է Մոսկվայից․ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է, եթե Երևանը պայմանավորվի Բաքվի հետ։

«Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին կասկածի տակ է». Փաշինյան

Միաժամանակ, քաղտեխնոլոգը չի բացառում, որ Հայաստանն ինչ-որ փուլում կարող է վերադառնալ Արցախի պարտադիր մասնակցության մասին դրույթին։

«Միգուցե ինչ-որ պահ կլինի, երբ Հայաստանի իշխանությունները կհայտարարեն, որ այս կետում ավարտվում են իրենց լիազորությունները բանակցություններում, և մնացածը վերաբերվում է Ստեփանակերտին, և պետք է խոսել Արցախի հետ՝ որպես առանձին սուբյեկտի», — նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սա մարտավարություն է, որի մասին առայժմ կարելի է միայն գուշակել։ Նշված տարբերակը հնարավոր մարտավարական հնարավոր հնարքներից մեկն է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվում է, որ համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և սադրիչ հռետորությունից հրաժարվելու կարևորությունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են սուբստանտիվ բանակցություններին վերադառնալու հետագա քայլերը։

Հուլիսի 12-ին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, մեկնաբանելով բանակցություններում Ստեփանակերտի հնարավոր մասնակցությունը, հայտարարել է, որ Փարիզը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարժանանա բոլոր կողմերի հավանությանը։