Հայաստանում ընտրական նոր կարգ կարող է ընդունվել միայն կոնսենսուսի դեպքում. Զոհրաբյան

Փաշինյանի և Ծառուկյանի համախոհներն ուզում են նոր ընտրությունների գնալ փակ համամասնական ցուցակներով, իսկ ՀՀԿ–ն համաձայն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանում ընտրությունների նոր կարգը կարող է ընդունվել միայն կոնսենսուսի միջոցով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ընտրողը կարող է քվեարկել ոտքի մատներով, կամ ԱԺ մտնելը դառնում է փաբ մտնելու պես մի բան

Զոհրաբյանի խոսքով` ինքն այդ հարցը բազմիցս քննարկել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Կառավարության տեսակետը նույնն է մնում. Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի միայն կոնսենսուսի միջոցով։

ԱԺ-ի քաղաքական ուժերը դեռ տարաձայնություններ ունեն մի շարք առանցքային հարցերում, այդ թվում`պատգամավորների ցուցակի հետ կապված։

«Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը» նախկինի պես կարծում են, որ տարածքային ընտրացուցակները պետք է արգելվեն։ Թեկնածուների ցուցակները պետք է միայն համամասնական լինեն և միայն փակ (այսինքն` ով և որերորդ տեղում կլինի ցանկում, քաղաքացիները չեն կարողանա որոշել)։

Դաշնակցությունը միջանկյալ տարբերակ է առաջարկում. միասնական ցուցակ ամբողջ հանրապետության համար, բայց բաց (որպեսզի քաղաքացիները կարողանան որոշել իրենց նախընտրած թեկնածուին)։

«Այդ մոտեցմանը համաձայն ենք և՛ մենք, և՛ «Ելքը»։ ՀՀԿ-ն շարունակում է մնալ իր տեսակետին՝ ռեյտինգային ցուցակներ։ Այնպես որ կոնսենսուս դեռ չկա, և քննարկումները շարունակվում են», — ավելացրեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտնել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է նման հնարավորություն քննարկել։

Հունիսի վերջին խորհրդարանում և կառավարությունում աշխատանքային խմբեր էին ստեղծվել ԸՕ-ի բարեփոխումները քննարկելու համար։