Վրաստան մեկնելիս լիազորագիրը պարտադի՞ր է, թե՞ ցանկալի. դեսպանատան հայտարարությունը

Բարի սահմանապահներ լինում են, բայց ոմանք նաև թույլ չեն տալիս մտնել վրացական տարածք։ Վրաստանը դարձյալ հիշեցնում է իր օրենքի պարտադիր պահանջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել` վարորդներին զգուշացնելով, որ իրենց անունով չգրանցված տրանսպորտային միջոցով Վրաստանի սահմանը հատելիս պետք է ունենան ավտոմեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Այսօր դեսպանատունը լրացուցիչ պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ Հայաստանում լուրեր են տարածվում, թե լիազորագիրն իրականում պարտադիր չէ։

«Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք»,- ասված է հայտարարության մեջ։

Այդուհանդերձ, դեսպանատունը հորդորում է հույս չդնել միայն սահմանապահների բարի վերաբերմունքի վրա և սահմանը հատելիս ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագիր, ինչպես պահանջում է վրաստանյան օրենքը։