ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Առաջին հանդիպման հիմնական մեսիջն այն է, որ շարունակելու են բանակցությունները»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Sputnik
Վիգեն Հակոբյան

Հակոբյանը համարում է, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ, սակայն դատելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից` եղել են նաև կոնկրետ քննարկումներ, քանի որ այդ հայտարարության մեջ երեք սկզբունքներն էլ վերահաստատվում են։ Նշանակում է` կողմերը համաձայնության եկել, որ բանակցությունները հիմնվելու են այդ երեք սկզբունքի վրա։

Քաղտեխնոլոգը շատ կարևոր է համարում հռետորաբանության աստիճանը նվազեցնելու մասին դրույթը։

«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ իրար ճանաչելուց ու զուտ քաղաքավարական ատրիբուտներից զատ, եղել է կոնկրետ խորհրդակցություն, և որոշակի համաձայնության են եկել»,- ասաց նա։

Հակոբյանի կարծիքով` առաջին հանդիպման հիմնական մեսիջը թերևս այն է, որ կողմերը շարունակելու են բանակցությունները։

«Այս պահի դրությամբ փոքր-ինչ անհասկանալի է` ինչպես են համադրվելու հայաստանյան իշխանությունների նոր մոտեցումները և հին կետից վերսկսելու խոսակցությունները»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախի իշխանությունների անունից բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։