Ի՞նչ է սպասում Երևանի ավագանուն. ընտրե՞լ քաղաքապետ, թե՞ մնալ նիստերի դահլիճում

Առանց քաղաքապետի մնացած ավագանու ճակատագիրը կորոշվի մինչև հուլիսի 30-ը։ Ընտրել նոր քաղաքապետ ու հանգիստ քնե՞լ, թե՞ 2 շաբաթ «պատանդ» մնալ քաղաքապետարանի նիստերի դահլիճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երկուշաբթին ընդունված է ծանր օր համարել, բայց առաջիկա երկուշաբթին` հուլիսի 16-ը, կարող է հատկապես ծանր լինել Երևանի ավագանու համար։

Տարոն Մարգարյանի 50 երանգները․ ինչ է թողել իր հետևից Երևանի քաղաքապետը

Այդ օրն աշխատանքի գալուց առաջ ավագանու անդամները ճիշտ կանեն` իրենց հետ վերցնեն առաջին անհրաժեշտության ապրանքներն ու չմոռանան հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին։

Հուլիսի 16-ին, ժամը 11-ին մեկնարկող նիստը կարող է շատ երկար տևել` մինչև 2 շաբաթ։

Սա ոչ թե կանխատեսում է, այլ օրենքի պահանջ, ավելի կոնկրետ` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի։

Դրա 44 հոդվածի համաձայն` քաղաքապետի ընտրության նպատակով գումարվող նիստն ընթանում է «անընդհատ`բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը»:

Նույն օրենքը նշում է, որ խմբակցությունները կարող են առաջադրել մեկական թեկնածու, իսկ քվեարկությունն անցկացվում է փակ գաղտնի կարգով, քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավաuար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավաuար ձայներ uտացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավաuարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Գալուստ Սահակյանը խոսել է Տարոն Մարգարյանի ունեցվածքից

Ընդ որում` երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո, նիստը չի ընդհատվում:

Նույն օրենքի համաձայն`եթե «երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ», ապա կառավարությունը որոշում է ցրել ավագանին ու նշանակում է նոր արտահերթ ընտրություններ։

Ընդ որում` արտահերթ ընտրությունն անցկացվում է կառավարության որոշումից հետո 30-40 օրվա ընթացքում:

Դատելով Երևանի ավագանու խմբակցությունների հայտարարություններից` այս պահին թեկնածուի հարցում ոչ ոք վերջնական որոշում չունի կամ գոնե չի հրապարակում։ Ով ինչ որոշում կկայացնի, որքան երկար կձգվի հուլիսի 16-ին մեկնարկող նիստը և ինչ ավարտ կունենա, պարզ կդառնա մի քանի օրից։

Իսկ մինչ այդ նշենք, որ ավագանին ցրելու ու նոր ավագանու ընտրություն անցկացնելու դեպքում երևանցիներին հերթական ընտրությունը սպասվում է սեպտեմբերի սկզբին։

Նախնական հաշվարկներով` առաջիկա աշնանն են նախատեսվում նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Աշունը, փաստորեն, թեժ է լինելու, եթե ոչ եղանակի, ապա քաղաքական բուռն իրադարձությունների ենթատեքստում։