Հանդիպման ելքը վճռեց միակ գնդակը. «Փյունիկի» մեկնարկը Եվրոպայի լիգայում

Հայաստանի բազմակի չեմպիոնը մրցեց մակեդոնական «Վարդարի» հետ ու հիմա արդեն պետք է պատրաստվի հաջորդ դիմակայությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի «Փյունիկը» հուլիսի 12-ին իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց Եվրոպայի լիգայի շրջանակում: Սեփական հարկի տակ հայկական թիմն ընդունել էր մակեդոնական «Վարդարին»: Հանդիպման ելքը վճռեց միակ գոլը, որի հեղինակ դարձավ «Փյունիկի» հարձակվող Մոհամմեդ Կոնատեն:

Երևանի «Փյունիկը» լրիվ նորացված կազմով էր ներկայացել հանդիսատեսին: Հայաստանի բազմակի չեմպիոնի մարզաշապիկը կրում էին բազմաթիվ նոր ֆուտբոլիստներ, ու դժվար էր հասկանալ, թե այսպիսի կազմով ինչի է ունակ «Փյունիկը»: Տեղին է նշել, որ «Վարդարի» կազմում էլ շատ նորեկներ կային: Հետևաբար երկու կողմերի գործողություններում էլ զգացվում էր խաղային օղակների համագործակցության խնդիրը:

Հայազգի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը կխաղա «Տյումենում»

«Փյունիկն» ավելի ակտիվ սկսեց հանդիպումը, և առաջին 15 րոպեների ընթացքում մերոնք կարող էին բացել հաշիվը: Ալիկ Առաքելյանի ու Դենիս Վոյնովի հարվածները դժվարությամբ կարողացավ հետ մղել «Վարդարի» դարպասապահը: Բայց «Փյունիկի» ակտիվությունը տվեց իր պտուղները, և խաղի 28-րդ րոպեին Մոհամմեդ Կոնատեն առաջ մղեց հայկական թիմին: Մինչև ընդմիջում այս հաշիվը մնաց անփոփոխ, չնայած «Փյունիկը» կարող էր և զարգացնել հաջողությունը:

Ի դեպ, «Վարդարի» կազմում ամենաակտիվ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որի նկատմամբ «Փյունիկի» ֆուտբոլիստները գործում էին շատ ուշադիր: Բարսեղյանն առաջին կեսում գործում էր «Վարդարի» հարձակման աջ եզրում, իսկ ընդմիջումից հետո արդեն կատարում էր կենտրոնական հարձակվողի պարտականությունները: Բայց Բարսեղյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց:

Շոգ եղանակն ի վերջո իր գործն արեց, ու ընդմիջումից հետո թիմերի գործողություններում շատ շուտով հոգնածություն նկատվեց: Խաղի տեմպն ընկավ, իսկ վտանգավոր պահերը համարյա իսպառ վերացան: Առաջին խաղակեսում «Փյունիկի» գրանցած նվազագույն առավելությունը մնաց անփոփոխ:

Իհարկե, շատ կարևոր էր հաղթել առաջին խաղում, բայց 1:0 հաղթանակը դեռևս մեր թիմին հաղթանակ չի ապահովում դիմակայությունում: Իսկ պատասխան խաղը թիմերի միջև կայանալու է ուղիղ մեկ շաբաթ անց Մակեդոնիայում: