Փաշինյանն արցախյան հակամարտության մասին կարևոր ուղերձ է հղել Բրյուսելում

Ի՞նչ պետք է հասկանա միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության մասին։ Հայաստանի վարչապետի հայտարարությունը մեկնաբանել է արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ հարձակում է նաև ժողովրդավարության դեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնում է, որ այս մասին Բրյուսելում ասել է վարչապետ Փաշինյանը։

Ռուբինյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` Փաշինյանի այս հայտարարությունը որակելով որպես միջազգային հանրությանն ուղղված կարևոր ուղերձ։

«Սա շատ կարևոր շեշտադրում է ու շատ կարևոր ուղերձ, որովհետև ղարաբաղյան հակամարտությունը ու դրանից բխող մշտական սահմանային լարվածությունը, որքան էլ Ադրբեջանն այն փորձի ներկայացնել որպես այդպիսին, իր էությամբ պարզապես տարածքային վեճի արդյունք չէ։ Սա հակամարտություն է ժողովրդավարության ու բռնապետության, ազատ ինքնորոշման ու գերության, կառուցողականության ու ռազմատենչության, առաջադիմության ու հետադիմության միջև»,- գրում է փոխնախարարը։

Ռուբինյանի համոզմամբ` հենց սա պիտի ըմբռնի միջազգային հանրությունն ու սկսի գործել այդ իրողությանը համապատասխան։