Լաքոտը խոսել է բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին

Փարիզը կողմ է, որ ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լինի և ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք հավանության կարժանացնեն կողմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Բոլոր կողմերը պետք է ընդհանուր հայտարարի գան ղարաբաղյան բանակցությունների ձևաչափի հարցում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը` մեկնաբանելով Ստեփանակերտի մասնակցության հարցը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինքը բանակցություններ չի վարելու Արցախի անունից։ Կառավարության ղեկավարը համոզված է, որ Ստեփանակերտը պետք է անմիջական մասնակցություն ունենա խաղաղ գործընթացում։

«Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը թույլ կտա բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել, բայց բանակցային գործընթացին մի շարք կողմեր են մասնակցում։ Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ընդհանուր հայտարարի գան բանակցությունների ձևաչափի հարցում», — ասաց Լակոտը։

Նրա խոսքով` համանախագահները հունիսին Հայաստան այցելեցին նոր իշխանությունների դիրքորոշման հետ ծանոթանալու համար։ Դա թույլ տվեց կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Լաքոտը կարծում է, որ կարևորը բանակցային գործընթացը շարունակելն է։

Ավելի վաղ Ռուսաստանի (ՄԽ համանախագահ) արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, նշել էր` Մոսկվան կհարգի Ղարաբաղի մասնակցության հետ կապված ցանկացած որոշում, որ կընդունեն Երևանն ու Բաքուն։