Ոչ ոք անտեսված չի լինի. Փաշինյանի կինը հիմնադրամ է բացել. տեսանյութ

Բոլորը հրավիրվում են առաջարկներ ներկայացնելու և, իհարկե, ներդրումներ անելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ, որով ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը:

«Սիրելի բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում: «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ», — ասել է Հակոբյանը։

Նա բոլորին, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, խնդրել է հետևել իրենց գործունեությանը, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել:

Աննա Հակոբյանը կոչ է արել համատեղել բոլորի քայլերը և նպաստել մեր երազանքների Հայաստանի կերտմանը։